Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են համագործակցության ծրագիր
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն և նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովը ստորագրել են 2022 թվականի գործողությունների ծրագիրը. հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է yerkir.am-ը։
Վրաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։ Նախօրեին Բուրչուլաձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ծանոթացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջարկին՝ Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար խաղաղ հարևանության նախաձեռնություն ստեղծելու վերաբերյալ։ Ղարիբաշվիլին այս նախաձեռնությամբ հանդես է եկել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում։
Բացի այդ, Բաքվում երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հարցեր։ Կողմերն ընդգծել են երկկողմ ու բազմակողմ միջազգային համագործակցության խորացման ու ամրապնդման անհրաժեշտությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել բազմազգ զորավարժություններին ադրբեջանցի զինվորականների մասնակցությանը, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը։ Նշվել է, որ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համատեղ զորավարժությունները, փորձագետների մակարդակով հանդիպումները մերձեցնում են ռազմական երկրներին և ամրապնդում նրանց համատեղելիությունը։
