24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչներց մեկից, ով հայտնել է, որ իր հարևանուհու դուռը բացել է և հատակին հայտնաբերել են արնանման հետքեր։
Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, ժամանած բժիշկները, պարեկներն ու ոստիկանները նշված տանը հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 24-ամյա Լիլիթ Մ-ին՝ «աջ բազկի կտրած վերք, հիպոբոլեմիկ շոկ» ախտորոշմամբ, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան» բժշկական կենտրոն։ Նշված տանը հայտնաբերվել է նաև Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Բ-ն, ում վրա հայտնաբերվել է արնանման հետքեր։
Բժիշկները նրան նույնպես օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Ոստիկանները տանը հայտնաբերել են թմրամիջոց և, ըստ տեղեկությունների, Լիլիթ Մ-ն ու Սարգիս Բ-ն օգտագործել են և դրանից հետո Լիլիթ Մ-ի մոտ առաջացել են ցնցումներ, որի ժամանակ էլ, ըստ Սարգիս Բ-ի պատմածի, հավանաբար, նա ձեռքով հարվածել է պատշգամբի ապակուն, ինչի հետևանքով էլ վնասվածք է ստացել։
Բնակարանում հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգվածներ, իսկ Սարգիս Բ-ն հայտնել է, որ այդ ամենը հանդիսանում է թմրամիջոց։