Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու

Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ 2022 թվականի հունվարին։ Այս մասին «24 TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է TASS-ը։
«Հանդիպման ժամկետը դեռևս համաձայնեցված չէ, սակայն սպասվում է, որ այն կկայանա հունվարին»,-ասել է նախարարը՝ պատասխանելով հանդիպման ժամկետի վերաբերյալ լրագրողի հարցին։
Երկուշաբթի Չավուշօղլուն հայտարարել էր, որ առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է։