Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը հետևում է Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին. Շոյգու

Ամեն ժամ օդում են գտնվում ռուսական ռազմական գերատեսչության մի քանի տասնյակ ինքնաթիռներ, որոնց տեղաշարժերը, ինչպես նաեւ իրավիճակը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում եւ աշխարհի այլ շրջաններում վերահսկվում է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Մենք միաժամանակ, օրվա ցանկացած ժամի, մոտ 16-20 գնացք ունենք, որոնք կամ մեր բեռներով, կամ մարդկանցով մեկնում են երկրի տարբեր մասեր: Միաժամանակ օդում գտնվող 70 ինքնաթիռ: Ընդհանուր առմամբ, այստեղ այն ամենն է, ինչ վերաբերում է բանակի կյանքին», - ասել է Շոյգուն երիտասարդներին՝ «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակներում:
Հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում: Նախարարի խոսքով՝ այդտեղից է կատարվում զինված ուժերի վերահսկողությունը Ռուսաստանի տարածքում եւ դրանից դուրս: «Սա կառավարման կենտրոնի համակարգ է. կառավարվում են զինված ուժերի, նավատորմի, բանակի կյանքի բոլոր ոլորտները ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում: Սա Ռուսաստանի Դաշնության Պաշտպանական կառավարման ազգային կենտրոնն է: Այն բաղկացած է մի քանի մասերից: Գլխավորն, իհարկե, ամենօրյա կառավարման կենտրոնն է, մարտական կառավարման կենտրոնը: Այստեղից մենք կառավարում ենք մեր ողջ նավատորմը, բեռների տեղաշարժը, բանակի ապահովումը, Սիրիայում լայնածավալ աշխատանքի ապահովումը, մեր բազաները Ղրղզստանում, Հայաստանում, խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում, թիկունքային ապահովման աշխատանքները», - ասել է Շոյգուն: