«Այսօր թքում են, վաղն էլ կծեծեն կամ կսպանեն փաստաբանին». ՓՊ նախագահն ու մի խումբ փաստաբաններ իրենց աջակցությունն են հայտնում Մանվել Գրիգորյանի պաշտպանին
Այս թեմայով
- Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու հարցի քննությունը հետաձգվել է
- Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կրկին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
- ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը
- Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություն․ ՀՔԾ
Վերաքննիչ դատարանի դիմաց են հավաքվել Մանվել Գրիգորյանին ազատ արձակելուն դեմ եղած ցուցարարներ և մի խումբ փաստաբաններ՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ վերջերս ցուցարարներից մեկը մոտեցել է իրեն և հայտնել, որ իրենց «թափթփուկ» անվանելու համար դատարան հայց են ներկայացնելու. Փաստաբանը հավելեց, սակայն, որ ինքը նման բառ չի ասել. «Ես չեմ ասել այդ բառը, չկա նման բան, թող իմ խոսքերը մեկ անգամ ևս լսեն, առանց տեսախցիկի ես չեմ խոսել»:
Ինչ վերաբերում է իր մեքենան վնասելուն և մեքենայի վրա թքելուն, Արսեն Մկրտչյանն ասաց, որ հրավիրվել է ոստիկանություն և բացատրություն է տվել. «Իմ մեքենայի վրա թքած անձն այն անձն էր, ով հաջորդիվ հանդիպել է ԱԺ նորընտիր պատգամավորի հետ և Ջիվան Աբրահամյանի հետ քննարկում էին, թե այսօր ոնց են ճնշում գործադրելու դատարանի վրա: Հեղուկ լցնող անձին չեմ տեսել, կարող է չճանաչեմ»:
Վերաքննիչ դատարանի մոտ է նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով ասաց, որ այնտեղ իրենք բողոքի ակցիա չեն իրականացնում ի պաշտպանություն փաստաբանի, փաստաբանը պաշտպանված է օրենքով: «Այսօր թքում են, վաղն էլ կծեծեն կամ կսպանեն փաստաբանին: Մենք այստեղ ենք, որովհետև ցանկանում ենք աջակցել մեր գործընկերոջը, և եթե կլինեն ցուցարարներ, խնդիրը կլուծենք բանակցելու միջոցով: Խնդիրն այն է, որ, ցավոք, մի խումբ անձինք փաստաբանին նույնացնում են իր վստահորդի հետ»,- ասաց Արա Զոհրաբյանը:
