Բրիտանացի պատգամավորները դեմ են արտահայտվել Brexit-ի գործարքին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները մերժել են Brexit-ի պայմանների շուրջ Եվրամիության հետ գործարքը: Վճռական քվեարկության ընթացքում 432 պատգամավոր դեմ է արտահայտվել գործարքին, որն անցյալ տարվա նոյեմբերին հավանության էր արժանացել Լոնդոնի և Բրյուսելի կողմից 1,5 տարվա բանակցություններից հետո:
Համաձայնագրի այդ նախագիծը, որի ընդունումը պնդում էր վարչապետ Թերեզա Մեյը, պաշտպանել է 202 պատգամավոր: Այսպիսով, գործարքը մերժվել է 230 ձայնի տարբերությամբ, ինչը դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենախոշոր պարտությունը վերջին 95 տարվա ընթացքում:
Քվեարկության արդյունքների հայտարարումից անմիջապես հետո ելույթ ունենալով Համայնքների պալատում՝ Մեյն ասել է, որ ստեղծված իրավիճակում ինքը կարևոր է համարում կանխավ ապահովել խորհրդարանի պաշտպանությունը:
«Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է ստանալ այն բանի հավաստումը, որ այս կառավարությունը վայելում է խորհրդարանի վստահությունը»,- ասել է նա:
