Google նշում է իր հիմնադրման 20-ամյակը
Տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն «խաղացողներից» մեկը՝ ամերիկյան Google ընկերությունը, սեպտեմբերի 4-ին նշում է հիմնադրման 20-ամյակը, գրում է ՏԱՍ․ՌՈՒ-ն՝ մանրամասնելով, որ ընկերությունը որպես մասնավոր ձեռնարկություն գրանցվել է 1998թ. սեպտեմբերի 4-ին:
Անցած երկու տասնամյակի ընթացքում Google-ը ոչ մեծ ընկերությունից վերածվել է միջազգային կորպորացիայի:
Աղբյուրը մանրամասնում է, որ Google որոնողական համակարգի պատմությունը սկսվել է դեռևս 1996թ., երբ Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը նախաձեռնեցին գիտահետազոտական նախագիծ:
Google դոմենային անունը պաշտոնապես գրանցվել է 1997թ. սեպտեմբերի 15-ին: Հատկանշական է, որ ընկերության ծննդյան ամսաթվի վերաբերյալ բազմաթիվ տարաձայնություններ կան:
2015թ. հոկտեմբերին Google-ում լուրջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Այն ներառվել է տարեկան ավելի քան 110 մլրդ դոլար շրջանառությամբ Alphabet հոլդինգի կազմում: Արդյունքում Փեյջը զբաղեցրել է Alphabet-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, Բրինը՝ հոլդինգի նախագահինը, մինչդեռ Google-ը գլխավորել է Սունդար Փիչային:
Այժմ ընկերության առաջնային նպատակներից է կեղծ լուրերի տարածման դեմ պայքարը:
