Ավինյանը պետք է ապացուցի՝ թմրամիջոց օգտագործել է, թե ոչ. Բորիս Մուրազի
Այս թեմայով
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 14–ին մեկնարկեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի հայցի քննությունը, որով փոխվարչապետը իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջ է ներկայացնում։
Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2018թ. հոկտեմբեր 26–ին politik.am կայքում հրապարակված «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հոդվածը։
«Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Նրա փոխանցմամբ, միջադեպի մասին իմացել է անգամ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել։ Մեր զրուցակցի համար անհասկանալի էր, ինչի դեմ է պայքարում Փաշինյանը, եթե իր թիմի առանցքային դեմքերը ևս թմրանյութ են օգտագործում»,– գրել էր կայքը։
Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Կարապետյանը այսօր դատարանում հայտարարեց, որ կայքում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։ Ըստ նրա՝ կայքը զրպարտություն պարունակող տեղեկություներ է հրապարակել, ինչն արվել է դիտավորությամբ։ Նշենք, որ Ավինյանը բացի հերքումից պահանջում է նաև պատճառված վնասի փոխհատուցում՝ 2 մլն դրամի չափով։ «Պահանջելու եմ ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլև փոխհատուցում, որն ուղղվելու է լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը»,– ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր փոխվարչապետը։
Պատասխանող Բորիս Մուրազիի ներկայացուցիչ, փաստաբան Արման Գրիգորյանի խոսքով, սակայն, հրապարակումն իր մեջ արատավոր տվյալներ չի պարունակում. լրագրողը գործել է բարեխղճորեն։ Ըստ նրա՝ հրապարակումը վերաբերվում է քաղաքական գործչին, որը պետք է ավելի հանդուրժող լինի լրատվամիջոցների նկատմամբ։ Նա նշեց, որ հրապարակված տեղեկությունները չեն կարող համարել զրպարտություն պարունակող և առաջացնել իրավական հետևանքներ՝ անկախ նրանից՝ այդ տեղեկությունները ճիշտ են, թե՝ ոչ։
NEWS.am-ի հետ զրույցում Բորիս Թամոյանը նշեց, որ նախքան հրապարակումը իրենք գրավոր հարցում էին ուղարկել Տիգրան Ավինյանի գրասենյակին, սակայն հարցման վերաբերյալ ինֆորմացիոն արտահոսք է եղել.
«Գրասենյակի հետ կապ չունեցող անձը զանգահարել է ինձ, միջնորդել, որպեսզի չհարապարակեմ այդ տեղեկատվությունը և փոխարեն մեզ պատասխանեին, Ավինյանի գրասենյակի պատասխանատու Վարագ Սիսեռյանը հերքումը է տվել այլ լրատվամիջոցի, մինչդեռ պետք է օգտվեին օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետից և պատասխանեին մեր հարցմանը»,– ասաց նա՝ նշելով, որ հարցմանը ողջամիտ ժամկետում չպատասխանելուց հետո է միայն կայքում հրապարակվել այդ տեղեկությունը։
«Ի վերջո, Ավինյանը պետք է ապացուցի՝ թմրամիջոց օգտագործել է, թե ՝ ոչ»,–ասաց կայքի խմբագիրը։
