Ս. Ադյանը և Գ. Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի և լավագույն աշխատակիցներից են. Դ. Սանասարյանը՝ ՊՎԾ աշխատակիցների կալանավորման մասին
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով կալանավորված Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են: Այս մասին Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Անկախ նրանից՝ ով կլինի պետական ծառայողը, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն: Այդ մարդկանց մեղքը դեռ պետք է ապացուցվի: ԱԱԾ-ի իմ գործընկերներին կոչ եմ արել, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը, «մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաներ: Այս երկու օրը որոշները հասցրին ինձ մահախոսական կարդալ, բայց ասեմ հետևյալը՝ գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, որևիցե մեկը թող անգամ երազում չպատկերացնի»,- նշեց ծառայության պետը:
Նրա խոսքով՝ ՊՎԾ-ն շարունակելու է ուսումնասիրել հեմոդիալիզի շուկան՝ «անկախ նրանից՝ ում շահն է այստեղ տրորվում, «պետության շահը մենք պետք է պահենք»:
«Մրցակցային շուկա չի եղել: «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սպասարկել է միայն մի կազմակերպություն: Մեր առաջարկության արդյունքում առաջին անգամ 8-9 կազմակերպություն մասնակցել է մրցույթին»,- հայտնեց Դավիթ Սանասարյանը:
Հարցին, թե հրահրվա՞ծ է այս գործը, ՊՎԾ պետը պատասխանեց. «Տարբեր շահեր են այստեղ սպասարկվում»:
«Որ ասում են՝ երկուսն են լավագույն ֆիրմաները, եթե նման խնդիր կա, ինչու ենք թողնում, որ «Արմենիա» ԲԿ-ն այլ կազմակերպություններ սպասարկեն: «Արմենիա» ԲԿ-ն ամենաշատ թվով դիալիզի պացիենտներն ունի, մենք անհանգստանում ենք կոնկրետ ԿԲ-ների դիալիզի հիվանդներո՞վ, թե՞ առհասարակ:
Մեր խնդիրը գնումների մասին օրենքի տառը պահպանելն է անկախ նրանից ներկա, նախկին որևիցե պաշտոնյա կամ բիզնես ցանկանում է, թե ոչ»,- ասաց նա:
Հարցին՝ եթե ՊՎԾ աշխատակիցների մեղքը ապացուցվի, պատրաստվո՞ւմ է արդյոք հրաժարական ներկայացնել, Դավիթ Սանասարյանը նշեց. «Առաջադրված մեղադրանքը լուրջ կոռուպցիոն սկանդալ չէ, ինքս կարծում եմ, որ կարգապահական վարույթ պետք է լիներ: Հետագայում կխոսենք դրա մասին»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ՊՎԾ պաշտոնյաները սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ. նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
