«Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի: Այս մասին որոշում կայացրեց գործադիրը հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում:
Հիմնարկի գործառույթները շարունակելու է իրականացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը «Ծրագրերի իրականացման վարչություն» մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:
Նախատեսվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում Հիմնարկի՝ աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոնների,, իսկ դրա անհնարինության դեպքում աշխատանքային պայմանագրով՝ առնվազն պահպանելով վարձատրության (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների) պայմանները։
Միաժամանակ օրենսդրությամբ և համապատասխան, այդ թվում՝ վարկային և դրամաշնորհային պայմանագրերով/համաձայնագրերով սահմանված Հիմնարկի լիազորությունները Ստորաբաժանումը կիրականացնի Հիմնարկի և/կամ դրա աշխատակիցների համար նախատեսված նույն պայմաններով և ընթացակարգերով՝ գործելով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության անունից:
Հիմնարկի մասնակցությամբ/կողմից իրականացվող գործող վարկային և դրամաշնորհային պայմանագրերով/համաձայնագրերով նախատեսված ծրագրերը մինչև այդ ծրագրերի ժամկետի ավարտը կշարունակվեն իրականացվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից վերը նշված ստորաբաժանման մասնակցությամբ/կողմից՝ նույն պայմաններով:
Ըստ իրականացվող քաղաքականության՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն` պետական կառավարման համակարգի մարմիններից բացի որևէ այլ մարմնի կամ կազմակերպության կողմից պետության ներքին և արտաքին քաղաքականության բնագավառում լիազորությունների իրականացման բացառումը:
Հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ բացառապես իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, և չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարինող կամ թաքնված համակարգեր և/կամ տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ:
Նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ:
