Մանվել Գրիգորյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել ՔԿՀ
Այս թեմայով
- Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու հարցի քննությունը հետաձգվել է
- Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կրկին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
- ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը
- Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություն․ ՀՔԾ
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին դուրս են գրել «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Մանվել Գրիգորյանը ուրբաթ է դուրս գրվել և տեղափոխվել ՔԿՀ։ Բայց նրա բուժումը կշարունակվի, քանի որ վիճակը ծանր է»,– ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ, ապա դեկտեմբերին գրավի դիմաց ազատ արձակվել: Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող երեք տներում պահելու համար։ Գրիգորյանը մեղադրվում է նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի օժանդակությամբ 2014-2017թթ ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ԵԿՄ հասարակական կազմակերպությանը հանձնված պարենային ապրանքների ու հանդերձանքի յուրացման համար։ Խոսքը առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 դրամ արժողությամբ գույքի մասին է։
