Ժաննա Ալեքսանյան․ ՊՆ-ն հետևողական է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու հարցում
Այս թեմայով
- 2018-ին զինվորների ապահովագրության հիմնադրամի եկամուտներն աճել են 35%-ով
- Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
- ԱԺ-ն ընդլայնել է «խուսափողների մասին օրենքի» ժամանակային ընդգրկումը
- ՊՆ-ն ու ՊԲ-ն լռել են 2019-ին գրանցված 4 զինծառայողի մահվան դեպքերի մասին
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել զոհված 4 զինծառայողների անունները, որոնց մահերը համարել է զինվորական ծառայության հետ չկապված և թաքցրել: Փաստորեն՝ ՊՆ-ն հետևողական է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու հարցում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարտավոր է հանրությանը բացատրել՝ ինչ է նշանակում զինվորական ծառայության հետ չկապված մահեր: Չէ որ նրանք զինծառայողներ են, նրանց զորակոչել են բանակ, նրանք գտնվում են պետության պատասխանատվության ներքո և գլխով են պատասխանատու նրանց կյանքերի համար:
Սա բացահայտ անտարբերություն է մարդկային կյանքերի և վերաբերմունքը զինվորի նկատմամբ: Զինվորը գնում է հայրենիքի առջև իր պարտքը կատարելու, բավական չէ, որ նա չի վերադառնում, այլև նրա մահը որակվում է զինվորական ծառայության հետ չկապված մահ: Սա բացահայտ անմարդկային վերաբերմունք է: Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք քրեական գործեր հարուցվել են այդ դեպքերով»:
Իր հերթին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեել է, որ զինվորների զոհվելու դեպքերը չեն թաքցրել և լրագրողները աղավաղում են իրականությունը։
«Ցավում եմ, որ այսպիսի բան կա, երբեմն նույնիսկ այլ շահերով առաջնորդված տեղեկատվությունն այլ կերպ ներկայացնելու քաղաքականություն է»,-ասաց նա։
Հովհաննիսյանը պնդել է, նման բան գոյություն չունի, բացի դեկտեմբերի 31-ին զինծառայողի զոհվելու մասին տեղեկատվություն չտարածելու դեպքից։
«Ոչ մի դեպք չի թաքցվել, ուղղակի տարիներ շարունակ այն դեպքերը, որոնք կապված չեն եղել ծառայության հետ, այսինքն ավտովթարների, ինֆարկտի ... Նախ ժամկետային զինծառայողներ չեն, երկրորդ՝ ծառայության հետ կապված չէ, երրորդն էլ՝ զորամասի տարածքում չեն եղել։ Ընդ որում, ոչ թե թաքցրել ենք, այլ հաստատել ենք մամուլում եղածը։ Սա ազնիվ չի, ժողովուրդ ջան, հորդորում եմ չգնալ այս ճանապարհով, ես էս ամեն ինչը քաղաքականացնելու միտում եմ տեսնում»,-ասել է Հովհաննիսյանը։
Նա հաստատել է, որ չորս զինծառայող մահացել է տարբեր պատճառներով, ավտովթարի, ինֆարկտի հետևանքով։
