ԲՀԿ պատգամավորին կդատի Մեսրոպ Մակյանը
Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին ղեկավար Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործը դեռևս փետրվարի 25-ին ընդունվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ։ Այս գործով դատավոր է նշանակվել Մեսրոպ Մակյանը։ Հիշեցնենք, որ վերջինը նաև Սասնա ծռերի գործով դատավորն է։
Ըստ մեղադրական եզրակացության, Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ հուլիս 2-ին Երևան քաղաքի Միկոյան փողցի 51 հասցեում գտնվող «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։
Էդուարդ Բաբայանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»։
Նախորդ տարվա օգոստոսին դատարանը Էդուարդ Բաբայանին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել:
Նկատենք, որ քննության ընթացքում Բաբայանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել էր. նախկինում նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը»:
