ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն
Ադրբեջանի կողմից լայնածավալ, չհայտարարված հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն։ Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ հարցը բարձրացվել է ՀԱՊԿ-ում, Ադրբեջանից պահանջվել են բացատրություններ։ Նույնը վերաբերում է նոր զորամասի տեղակայմանը սահմանամերձ գոտում և Ադրբեջանի կողմից նռնականետի կիրառմանը։ «Հայաստանը և Արցախը վճռական են սեփական պաշտպանության և հակամիջոցների հարցում։ Թող ոչ ոք դրանում չկասկածի»,- ընդգծել է Նաղդալյանը։
