Գործի բացահայտման շահերից ելնելով Շիրխանյանը կարող է ցուցմունք տալ. Արամ Սարգսյանը՝ Վահան Շիրխանյանի նամակի մասին
Մեկնաբանություններ Հոկտեմբերի 27֊-ի գործում ժամանակին Շիրխանյանը նման ցուցմունքներ չի տվել։ Այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրուցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակին։
«Ես օրինակ Մեղրիի տարբերակով ցուցմունք ունեմ տված, նաև անջատված մասով։ Ռուսական հետքի վարկածը մաքրելու ես բազմաթիվ փորձեր եմ տեսել ու սա ինձ չի զարմացնում»,-ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ ընդգծելով, որ ուրիշին ուղղված նամակներ չի կարդում ու կգերադասեր չմեկնաբանել։ Այդուահանդերձ, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Վահան Շիրխանյանը ժամանակին համապատասխան ցուցմունք չի տվել, արդյոք պատճառն այն է, որ ինչպես Արամ Սարգսյանն էր պնդում՝ 100-ից ավելի վկաներ չեն հարցաքննվել, նա ասաց, որ քննչական մարմինը գործի հետ կապված հարցաքննել է բոլորին, իսկ դատարանում է, որ եղած վկաներից 120 չի կանչվել։
«Օրենքով քննչական մարմինը գործը քննում է ամբողջությամբ և մեղադրականով տալիս դատարան, դատարանում դատախազության և դատապաշտպանների բանավեճով որոշվում է մեղավորներին և մեղքի չափը։ Դատարանը կարող է գործում եղած մեկ, երկու վկայի լսելով համարի գործը հիմնավոր ու մնացածներին չլսի, ինչն էլ արեց Ուզունյանը»,-ասաց Սարգսյանը։
Բացի այդ, ըստ նրա՝ ցանկացած մարդ, ով նման կարգի տեղեկություն ուներ, այն էլ բարձրաստիճան պաշտոնյա, կարող էր գնալ քննչական մարմին և գործի բացահայտման շահերից ելնելով ցուցմունք տալ։ «Եվ ընդանրապես իմ իրավունքն է, ինչը մեկնաբանել՝ ինչը ոչ, ինչը արժանահավատ համարել՝ ինչը ոչ, ում լուրջ ընդունել՝ ում ոչ» Նա ընդգծեց, որ Հոկտեմբերի 27-ով ինքը ցուցմունքներ տվել է և 20 տարի ամեն 27-ի տարելիցին, այդ առումով տեսակետ է հայտնել, նշելով նաև դրա բացվելու հավանական հնարավորությունը և կողմից հավանական թվացող վարկածը։
«Կան մարդիկ, որ այդ թեմայով ասելիք ունեն ու լռել են, շատ հնարավոր է, որ կան, թող այդ մարդիկ դիմեն քննչական մարմիններին:Վստահ եմ, որ գործը վերաբացելուց հետո այդ վարկածները կարող են շատ օգտակար լինել։ Ես երբեք չեմ թաքցրել, որ ավելի հավանական եմ համարում Լիտվինենկոյի հնչեցրած ու մինչև հիմա չստուգված վարկածը։ Մինչդեռ այս նամակի տրամաբանությունը լրիվ ուրիշ տեղ է»,-ասաց Սարգսյանը:
