Համապետական շաբաթօրյակի ընթացքում նախատեսվում է 5000 ծառ տնկել. Խաչիկ Հակոբյան
Այսօր կունենանք համաքաղաքային մեծ ծառատունկ, կտնկվի 5000 ծառ. այս մասին լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:
Նա հավաստիացրեց, որ այն տարածքները, որտեղ ծառատունկ է իրականացվելու, լինելու են իրենց խնամքի և հոգածության տակ: «Մենք ի սկզբանե խնդիր ենք դրել բոլոր վարչական շրջանների հետ և ընտրել ենք այնպիսի տարածքներ, որտեղ կա ոռոգման ջրի առկայություն, այնպես որ, ծառերը ջրելու խնդիր չի լինելու»,- ասաց նա:
Խաչիկ Հակոբյանն ասաց, որ շաբաթօրյակի ընթացքում հավաքված աղբը համապատասխան տեխնիկայով տեղափոխվելու է աղբավայր:
Հարցին` աղբի վերամշակման հետ կապված ինչ առաջընթաց կա, նա պատասխանեց, որ այդ խնդրով կան քննարկումներ, և որ համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են: «Կարծում եմ` մենք մոտ ապագայում կունենանք կոնկրետ ծրագիր, որը կհայտարարվի աղբի տեսակավորման, տեսակավորված աղբի վերամշակման և առհասարակ նոր աղբահանության և մշակման կուլտուրայի մասին»,- ասաց նա:
Խաչիկ Հակոբյանն անդրադարձավ նաև Նուբարաշենում աղբավայրի կառուցմանը: Նրա խոսքով` ներկայիս աղբավայրը կփակվի, նոր տարածք է հատկացվելու նոր աղբավայրի համար: «Հինը կծածկվի, նախատեսում ենք նաև հնարավորության դեպքում այնտեղ կարճ ժամանակում դեկուլտիվացնենք և անտառապատենք: Կարծում եմ` երկու տարվա ընթացքում կունենանք նոր աղբավայր»,- նշեց Հակոբյանը:
Ինչ վերաբերում է Սարալանջի կանաչապատմանը, ապա, նրա խոսքով, այն կսկսվի այս տարի: «Երեկ ավագանին հաստատեց բյուջեով սահմանված ծախսերը, որով պետք է նախագծեր նախապատրաստվեն և այնտեղ պետք է հողային աշխատանքներ արվեն, կաթիլային ոռոգման ցանց անցկացվի, որից հետո նոր կտնկվի անտառը: Կանաչապատվող տարածքը կհասնի 10 հեկտարի»,- եզրափակեց նա:
