Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մտադիր է սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին
Այս թեմայով
- ՊԲ. Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց
- Արցախի ԱԱԾ նախկին պետը ապրիլյան պատերազմի օրերից կադրեր է հրապարակել
- Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ապա Արցախն իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները․ Արցախի ԱԳՆ
- Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելը այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների․ Նիկոլ Փաշինյան
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մտադիր է սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին:
Այս առնչությամբ կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. Մարտի 24-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության 5-րդ համագումարը: 25 պատվիրակներն ընտրել են նոր Գործադիր մարմին, լսել հաշվետվություն նախորդ 2 տարիների գործունեության և ծախսերի մասին: Գործադիր մարմնի թեկնածուները հանդես են եկել ելույթներով: Համագումարն ավարտվել է հայտարարության ընդունմամբ, որտեղ անդրադարձ կա նաև 2020թ. սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին:
Հայտարարության տեքստը ստորև`
ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
V համագումարի հայտարարություն
«Արցախում հաստատված իշխանության բնույթը եղել և մնում է որպես կեղեքիչ` հնարավորություն չտալով տարիների ընթացքում կուտակված ռեսուրսները ուղղել Արցախի զարգացմանը: Այդ ռեսուրսները, որ Արցախ են հոսել միջպետական վարկի, համահայկական հանգանակությունների, տարբեր ներդրումների և հատկացումների տեսքով, օգտագործվել են անարդյունավետ, ծառայելով այդ համակարգը ստեղծած անձանց և նրանց հաճախորդներին: Այդ է պատճառը, որ այսօր չունենք նորմալ ենթակառուցվածքներ, հասարակության բարեկեցությունն ու կենսունակությունն ապահովող համակարգեր, քիչ թե շատ դիվերսիֆիկացված տնտեսություն: Նման վարչակարգի գոյությունն օր-օրի թուլացնում է Արցախը և սպառնալիք է ազգային անվտանգությանը:
Այս փուլում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր առջև խնդիր է դնում կանխել իշխանության վերարտադրությունը` ինչ դեմքով էլ այն լինի: Որպես համակարգային, խորհրդարանական ընդդիմադիր ուժ, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանձնում է այդ գործընթացը առաջնորդելու և կյանքի կոչելու առաքելությունը: 2020թ-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով»:
