Պատգամավոր․ Նախագահը կարող էր կրկին առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը
Այս թեմայով
Իրավական տեսակետից ոչ մի խնդիր չկար Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կրկին Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
«Մի քիչ անարդարության զգացման երևույթ կա մթնոլորտում, որովհետև նախկինում, երբ առաջադրվել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ընդհամենը քվորում չլինելու հետևանքով է, որ տվյալ անձը չի անցել», - նշել է պատգամավորը:
Նրա խոսքով, իրավական տեսակետից Վահե Գրիգորյանի թեկնածությունը կրկին առաջադրելու խնդիր չէր առաջանա և նախագահն իրավունք ուներ ևս մեկ անգամ թեկնածուին առաջադրել, որի ժամանակ արդեն կլիներ քվորում:
Անդրադառնալով Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը` Ն. Բաղդասարյանն ասել է, որ երկուսին էլ ճանաչում է, երկուսն էլ ունեն բարձր մակարդակի գիտելիքներ այդ պաշտոնը զբաղեցնելու համար:
Դիտարկմանն՝ արդյոք Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը կպաշտպանվի իր թիմի կողմից և նա կընտրվի առաջադրված պաշտոնում` պատագմավորն ասել է. «Չեմ կարող պատասխանել, որովհետև ես ունեմ մեկ ձայն ու դրանով իմ գաղտնի որոշումը կկայացնեմ»:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում գաղտնի քվեարկության ժամանակ Վահե Գրիգորյանը չէր ընտրվել ՍԴ դատավոր, քանի որ քվեարկությանը մասնակցել էր ընդհամնեը 53 պատգամավոր, որոնցից 23-ը դեմ էր քվեարկել:
