Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելը այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների․ Նիկոլ Փաշինյան
Այս թեմայով
- ՊԲ. Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փաշինյանն ու Սահակյանն անդրադարձել են Ստեփանակերտում ձևավորված ԼՂ հարցով օրակարգի իրականացմանը
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
ԱԺ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք կա Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ սպասվելիք հանդիպման հստակ օրակարգը։
«Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի հետ Ձեր հանդիպումը Վիեննայում, կա՞ հստակ օրակարգ և արդյոք, ինչպես Արցախում համատեղ անվտանգության նիստից հետո նշեցիք հնարավոր օրակարգի մասին՝ Մադրիդյան սկզբունքների երկու կողմերի յուրովի մեկնաբանությունն է, որովհետև ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում է ԵԱՀԿ համանախագահների վերջին հայատարարության մեջ ներկայացված սկզբունքները, հասկանալի է, որ չի կարող ընդունելի լինել մեզ համար», - նշել է Զոհրաբյանը։
Հարցին վարչապետը պատասխանել է, որ դեռ Իրանում է հայտարարել, որ հանդիպման նախնական պայմանավորվածություն կա, և տվել ենք համաձայնությունը, բայց քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել հանդիպման տեղի և ժամի մասին, նա հայտարարություն չի անի։
«Նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ես ասել եմ իմ դիրքորոշումը, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ չպետք է ունենան, պիտի լինի հարցերի լայն շրջանակ, պետք է ուղղակի մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում, և այո՛, այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի համատեղ նիստի ժամանակ, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք բանակցային հետագա ողջ գործընթացում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, թե այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու վերաբերյալ մտքեր կփոխանակվեն, Փաշինյանը պատասխանլ էց․ «Այո՛, իհարկե, Ստեփանակերտի իմ ելույթի առաջին դրույթը հենց դա էր։ Ուզում եմ բոլորս ճիշտ հասկանանք, որովհետև կան տարբեր մեկնաբանություններ և՛ Հայաստանում, և՛ դրսում։ Մեկնաբանություն կա, տարօրինակ կերպով նաև Հայաստանում, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ է, բայց դա, իհարկե, բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել, որովհետև բանակցային ֆորմատը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»։
