Սեդրակ Քոչարյանի պաշտպանը ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու պատասխանող կողմի ներկայացրած նյութերին․ նիստը հետաձգվեց
Այս թեմայով
- Հայտնի է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» նիստի օրը
- Շիրխանյանի նամակում կան հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն. Գլխավոր դատախազ
- ԱԺ նիստը վերսկսվել է. Արցախ մեկնող «Իմ քայլի» պատգամավորները կես ճանապարհից վերադարձել են (ուղիղ)
- Մեկնարկել է կառավարության հերթական նիստը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր շարունակվեց «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ։
Արթուր Վանեցյանի պաշտպան Մարիամ Զադոյանը ներկայացրեց միջնորդություն գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ: Դրանք լրատվական կայքերի հրապարակումներն էին եւ ԱԱԾ մամուլի կենտրոնի հայտարարությունը։
Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել՝ նյութերին ծանոթանալու համար, քանի որ դրանք բաղկացած են 12 էջից։ Մինչդեռ պատասխանող կողմը նշեց, որ նյութերը լրատվական կայքերում արդեն հրապարակվել են եւ դատարանը կարող է ներկայացուցչին տրամադրել 1 րոպե ժամանակ՝ ԱԱԾ մամուլի կենտրոնի հայտարարությանը ծանոթանալու համար։
Այնուամենայնիվ, դատարանը բավարարեց միջնորդությունը։ Այսօրվա նախնական դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 23-ին, ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, քաղաքացիական հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում:
Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքով կարողացել է հյուրանոց գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր իր եւ ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում:
