Նպաստների վճարման ուշացումները պայմանավորված են տեխնիկական խնդիրներով. Սոցապ
Հայաստանի Հանրապետությունում գործող 55 սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային բաժիններից շատերում, այդ թվում` Երեւանի բաժիններում, ընտանեկան նպաստների համար ֆինանսական հատկացումն արդեն արվել է, վճարումները կմեկնարկեն վաղը: Մյուս բոլոր շահառուները ընտանեկան նպաստը կստանան հաջորդ շաբաթվա ընթացքում:
Նպաստների հատկացման ժամանակացույցում տեղ գտած ուշացումները պայմանավորված են, հիմնականում, տեխնիկական խնդիրներով: Բանն այն է, որ ֆինանսական մի շարք գործարքներ, այդ թվում` նպաստների վճարումը կատարվում է Client treasury համակարգի միջոցով: Այսուհետ այս համակարգով ֆինանսական գործարք կատարելու համար պարտադիր է նույնականացման քարտի եւ էլեկտրոնային ստորագրության առկայությունը: Նույնականացման քարտը տրամադրվում է 21 օրվա ընթացքում. որոշ դեպքերում պատասխանատուները չունեն նույնականացման քարտ, որոշ դեպքերում էլ՝ հապաղում կա էլեկտրոնային ստորագրության ակտիվացման հարցում:
Մինչեւ 2019թ. մարտի 25-ը համակարգն աշխատել է նախկին գործիքակազմով: Դրանից հետո այն դադարել է գործել, եւ անհրաժեշտություն է առաջացել գործարկել էլեկտրոնային ստորագրությունը:
Առաջացած տեխնիկական խնդիրներն արդեն լուծվում են: Մյուս շաբաթվա ընթացքում խնդիրը կարգավորված կլինի ՀՀ ողջ տարածքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայցում է իր բոլոր շահառուների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար:
