Բուռն քննարկում ԱԺ-ում․ ՍԴ դատավորի թեկնածուին ոչ թե նորից կառաջադրեն, այլ՝ նոր թեկնածու կլինի
Հայաստանի խորհրդարանը մարտի 29-ին երկրորդ ընթերցմամբ, բուռն բանակռիվներից հետո, ընդունել է «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածուի առաջադրման կարգին։ «Կողմ» է քվեարկել 93 պատգամավոր։
Քննարկվում էր այն դրույթը, որի համաձայն՝ ՍԴ դատավորի ընտրությունը, ներառյալ թեկնածուի առաջադրումը և պաշտոնի ստանձնումը, պետք է ամրագրվեն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում։ Հենց սրանով է պայմանավորված փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը, հակառակ դեպքում Հայաստանում կգոյանար հակասահմանադրական իրավական վակուում։
Հայաստանի կառավարությունն առաջարկել է ԱԺ Կանոնակարգից հանել այն դրույթը, համաձայն որի, եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա լիազոր մարմինը (հանրապետության նախագահը- խմբ.) պետք է 10 օրվա ընթացքում դատավորի նոր թեկնածու առաջադրի։ Լրացման էությունն այն է, որ լիազոր մարմինը Ազգային ժողովի կողմից թեկնածուի չընտրվելու դեպքում պետք է նորից նույն թեկնածությունն առաջադրի։ Սակայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներից հետո խորհրդարանականները եկել են ընդհանուր հայտարարի և որոշել հրաժարվել «նորից» թեզից՝ թողնելով նախկինը՝ «նոր»։ Փոփոխությունների է ենթարկվել միայն ժամկետը։ 10 օրվա փոխարեն լիազոր մարմինը պետք է ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնի մեկ ամսվա ընթացքում։
Հիմնական բանավեճը գնում էր «նորից» և «նոր» թեզերի շուրջ, քանի որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հանդես էին գալիս օրինագծի և, հատկապես, օրենսդրական լրացումների կոշտ քննադատությամբ, որոնք առաջարկել է կառավարությունը։
Ընդդիմադիրները դա փաստարկում են նրանով, որ Հայաստանի գործող իշխանությունները ցանկանում են ՍԴ ղեկավարի պաշտոնում տեսնել փաստաբան Վահե Գրիգորյանին, քանի որ քվորումի բացակայության պատճառով նրա թեկնածությունն այդպես էլ հավանության չի արժանացել նախորդ գումարման խորհրդարանի կողմից։
