Այսօր երեկոյան նախատեսվում է մեծ հավաք՝ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի
Մի խումբ ակտիվիստներ նախատեսում են այսօր երեկոյան կազմակերպել մեծ հավաք՝ ի պաշտպանություն Մաեստրո Կոնստանտին Օրբելյանի։ Հավաքը կկայանա երեկոյան ժամը 19-ին, Օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց։
Հավաքի կազմակերպիչները գտնում են, որ Օրբելյանի դեմ սկսվել է ստոր արշավ։
Մարտի 26-ի երեկոյան Օրբելյանը նամակ է ստացել, որտեղ նշված էր, որ ապրիլի 1-ից նա այլևս չի զբաղեցնում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը։ Լրագրողների հետ հանդիպմանն Օրբելյանն ասել է, որ թատրոնի կոլեկտիվը` իր հետ միասին մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։
Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը պարզաբանել է, որ Կոնստանտին Օրբելյանը Օպերայի թատրոնում միաժամանակ երկու պաշտոն էր զբաղեցնում՝ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի: ՊՈԱԿ-ների մասին օրենքն արգելում է, որ տնօրենը միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնի կամ կատարի այլ վճարովի աշխատանք: Իրավաբանի խոսքով՝ տնօրենը կարող է համատեղ միայն ստեղծագործական, գիտական կամ մանկավարժական աշխատանք իրականացնել:
«Կոնստանտին Օրբելյանը գեղարվեստական ղեկավարի պաշտոնից չի հեռացվել, նա շարունակում է մնալ որպես գեղարվեստական ղեկավար: Միայն տնօրենի լիազորություններն են կասեցվել: Շատ լավ կլինի, եթե նա որպես գեղարվեստական ղեկավար շարունակի գործունեությունը այդ թատրոնում: Բայց երկուսը մեկում անհնար է, դա օրենքի լուրջ խախտում է: Մենք իրեն բազմիցս ենք ասել, որ կարող է ընտրել կա՛մ տնօրենի, կա՛մ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը՝ հրաժարվելով մյուսից: Չհամաձայնվեց, ու քանի որ նախարարը իրավասու է միայն տնօրենի հետ կապված որոշումներ կայացնել, տնօրենի պաշտոնից նրան ազատեց», - ընդգծել է Անուշ Ղազարյանը:
