Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու հարցի քննությունը հետաձգվել է
Այս թեմայով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, այսօր պետք է քննվեր կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը։
Գրիգարյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը NEWS.am-ին հայտնել է, որ իր պաշտպանյալին դատարան չեն բերել, քանի որ ստացիոնար բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում։ Նա տեղեկացրել է, որ Գրիգորյանին ազատ արձակելու համար դատարանին առաջարկելու են 10 մլն․ դրամի չափով գրավ։ Հաշվի առնելով, որ դատավոր Մարինե Մելքոնյանն այլ գործով խորհրդակցական սենյակում էր, այսօրվա դատական նիստը հետաձգվել է։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին:
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու և շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
