Օպերայի թատրոնի տնօրենի երեք հավանական թեկնածուները վստահեցնում են, որ նման առաջարկ չեն ստացել
Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատված Կոնստանտին Օրբելյանն արդեն փոխարինող ունի: Տնօրենի հավանական թեկնածուների շարքում են ՀՀ Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյանն ու գիտությունների թեկնածու, երաժիշտ Շմավոն Գրիգորյանը:
Aysor.am-ի հետ զրույցում Հասմիկ Պապյանը վստահեցրել է, որ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու որևէ առաջարկ չի ստացել:
«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյանն էլ նկատել է՝ ներկայում ինքն այդ պաշտոնին չի նշանակվելու: Մաեստրո Օրբելյանի հետ էլ լավ հարաբերություններ ունի:
«Գուցե հետագայում մրցույթին մասնակցեմ, ժամանակը ցույց կտա», - հավելել է Արմեն Սարգսյանը:
Շմավոն Գրիգորյանն իր նշանակման մասին հրապարակումներն ապատեղեկատվություն է համարել՝ ուղղորդված այս կամ այն ուժի կողմից:
«Ես էլ իմ, այսպես ասած, նշանակման մասին համացանցից եմ իմացել: Միանշանակ՝ հերթական ապատեղեկատվությունն է, որը գուցե թատրոնի, կամ գուցե լրագրողների կողմից է ձեռնարկվել՝ բուն նյութից ուշադրությունը շեղելու համար: Ես որևէ առաջարկ որևէ մեկից չեմ ստացել, դա միակ հաստատ բանն է», - ընդգծել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանի խոսքով, 2017 թվականին Օրբելյանի նշանակումը եղել է օրենքի՝ առնվազն երկու կետի խախտմամբ: Կ. Օրբելյանն էլ իր հերթին պնդում է, որ իր ազատման որոշումն անօրինական է, ու անպայման դատական գործընթաց կսկսվի:
Այսօր ժամը 16։00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն բողոքի ակցիա կանցկացնեն՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրեն Կոնստանտին Օրբելյանի:
Նազենի Ղարիբյանն էլ հայտարարել է, որ Օպերային թատրոնը նոր տնօրեն ունի:
168.am-ը գրել է, որ նոր տնօրենը Երևանի Իմ քայլը խմբակցության անդամ Արմեն Սարգսյանն է, ով լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել էր այդ լուրը:
