Ինչո՞վ է պայմանավորված շաքարավազի գնի բարձրացումը
Այս օրերին քաղաքացիները հատկապես զգում են շաքարավազի գնի բարձրացումը, երբ տնային տնտեսուհիներն ակտիվ զբաղված են կոմպոտ եւ մուրաբա պատրաստելով:
NEWS.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ շաքարավազի գնաճը կապված է սեզոնային պահանջարկի հետ:
Շուկայում գործարարներն արհեստական դեֆիցիտ են ստեղծել՝ լավ հասկանալով, որ այս շրջանում նույնիսկ բարձր գներով այն լավ պահանջարկ ունի:
«Նույն վիճակն էր Սուրբ Զատիկի օրերին, երբ ձվի արհեստական դեֆիցիտ էին ստեղծում եւ մարդկանց մոտ արհեստական խուճապ առաջացնում, որ ավելի շատ ձու գնեն, նույնիսկ սահմանափակում էին մտցրել, օրինակ, յուրաքանչյուր գնորդ կարող է գնել 20 ձվից ոչ ավել»,-հիշեցրեց փորձագետը:
Դրա արդյունքում շաքարավազի գինը մարզերում հասնում է մինչեւ 470 դրամի: Տնտեսագետի տվյալներով՝ անցած տարվա համեմատ այն թանկացել է 43%-ով:
Հունվար-հունիս ամիսներին ապրանքների գներն աճել են 5,7%-ով, սննդամթերքի գներն աճել են 8,8%-ով: Մարդկանց եկամուտները, որոնք, պայմանականորեն ասած, աճել են 3-4%-ով, չեն ծածկում գնաճային ծախսերը: Անցած տարի աշխատավարձերը եւ կենսաթոշակները մարդկանց թույլ են տվել ավելի շատ ապրանք գնել, ինչը նրանք չեն կարող իրենց թույլ տալ այս տարվա աշխատավարձով եւ կենսաթոշակով:
Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է նաեւ ՏՄՊՊՀ-ն, որը պետք է վերահսկի շուկան եւ անհրաժեշտության դեպքում վարույթ սկսի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:
Կառավարությունը, իր հերթին, պետք է տարանջատի բիզնեսն ու իշխանությունը եւ խթանի փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը:
«Ներկայիս կառավարությունն ունակ չէ դա անել: Նրանք սովոր են նստել աշխատասենյակում եւ ամեն ինչ թողնել շուկայի հայացողությանը, որտեղ որոշում են կայացնում օլիգարխները»,-նշեց նա:
ՏՄՊՊՀ-ից մեզ հայտնեցին, որ այս պահին հետազոտություն է անցկացվում, որի ավարտին կհրապարակվեն արդյունքները: ՏՄՊՊՀ-ից վստահեցրեցին, որ շաքարավազի գնի բարձրացում չի եղել, այն հասնում է 370 դրամի մեկ կգ դիմաց:
Վերջին շաբաթվա ընթացքում շաքարավազը թանկացել է նաեւ Ռուսաստանում: Սակայն դա չի կարող հայկական շուկայում գնաճի պատճառ դառնալ, քանի որ Հայաստանում օգտագործվող շաքարավազի 70%-ն ապահովում է ձեռնարկությունը, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, մնացած 30%-ը ներմուծվում է Ռուսաստանից եւ Ուկրաինայից:
Մենք փորձեցին կապ հաստատել նաեւ Շիրակում Ալեքսանյանի ձեռնարկության ներկայացուցիչների հետ: Սակայն զանգերին պատասխան չստացանք:
