Հայիթիի իշխանությունները երկրի նախագահի սպանությունից հետո ռազմական դրություն են հայտարարել
Հայիթիի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո երկրում ռազմական դրություն հաստատելու մասին: Այս մասին հայտարարել է Հայիթիի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախարարների խորհրդի արտակարգ նիստից հետո որոշեցինք ռազմական դրություն հայտարարել ամբողջ երկրում», - ասել է նա պետական հեռուստատեսությամբ:
Ժոզեֆը հասարակությանը կոչ է արել միավորվել ժողովրդավարությունը պաշտպանելու համար եւ շեշտել, որ հանցագործները կպատժվեն օրենքին համապատասխան:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել նախագահի մահվան կապակցությամբ:
«Մենք ցնցված եւ վշտացած ենք՝ լսելով նախագահ Ժովենել Մոիզի սարսափելի սպանության եւ Հայիթիի առաջին տիկին Մարտին Մոիզի վրա հարձակման մասին: Մենք դատապարտում ենք այս նողկալի արարքը», - ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «ամենախիստ կերպով» դատապարտել է սպանությունը եւ շեշտել, որ «այս հանցագործության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորվել է երեքշաբթի գիշերը նրա նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման արդյունքում: Հարձակման ընթացքում վիրավորվել է նաեւ երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը, որը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է:
