Քաբուլում եւ Քանդահարում պայթյունների հետեւանքով 4 խաղաղ բնակիչ է զոհվել
Շաբաթ առավոտյան Քաբուլի եւ Քանդահարի նահանգներում երկու պայթյունների հետեւանքով չորս խաղաղ բնակիչ է զոհվել, գրել է TOLO news-ը:
Ինչպես նշվում է Քաբուլի ոստիկանության հայտարարության մեջ, այսօր առավոտյան՝ Քաբուլի ժամանակով ժամը 9:10-ին, Քաբուլի 8-րդ շրջանում գտնվող անշարժ գույքի վաճառքի գրասենյակում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է երկու քաղաքացիական անձ, եւս չորսը վիրավորվել է:
Միեւնույն ժամանակ, անվտանգության աղբյուրները հաղորդել են, որ շաբաթ առավոտյան Քանդահար նահանգի Դաման շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել է երեքը՝ այդ թվում՝ երկու ոստիկան: Աղբյուրները հայտնում են, որ հարվածել են Դամանի շրջանի նահանգապետ Պիր Մոհամմադի մեքենային, սակայն վերջինս ողջ է մնացել: Աղբյուրները հայտնում են, որ պայթյունից տուժածների մեջ կին կա:
Ոչ մի խումբ չի ստանձնել պատահարների պատասխանատվությունը:
