ԵՄ-ն դեպի Լիտվա ուղղաթիռներ կուղարկի Բելառուսի հետ սահմանը հսկելու համար
Բելառուսի տարածքից ապօրինի միգրանտների հոսքի պատճառով ԵՄ-ն դեպի Լիտվա ուղղաթիռներ կուղարկի Բելառուսի հետ սահմանը հսկելու համար: Frontex սահմանային եւ առափնյա պահպանության եվրոպական գործակալության հետ քննարկվել է սահմանային պարեկային ծառայություն եւ ուղղաթիռների ուղարկելու հարցը, հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, հաղորդում է DW-ը:
Իր կողմից Frontex գործակալությունը հայտնել է, որ հաջորդ շաբաթվանից այն ավելի քան երկու անգամ կմեծացնի Լիվտա-Բելառուս սահմանին գործողության ծավալները եւ Լիտվային կտրամադրի փորձագետներ, որոնք կօգնեն ապօրինի սահմանահատումների մասին տվյալներ հավաքագրելու դեպքում եւ կնպաստեն տեղեկատվության առավել արդյունավետ փոխանակմանը:
«Մենք պատրաստ ենք ուժգնացնել աջակցության մակարդակը եւ տեղակայել ավելի մեծ թվով անձնակազմ եւ սարքավորում: Մենք արագացնում եւ ուժգնացնում ենք այն, ինչն արդեն ծրագրված է: Եւ Լիտվայի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ մենք մշակում ենք սահմանին իրավիճակում արագ միջամտելու գործողություն: Լիտվայի սահմանը մեր ընդհանուր արտաքին սահմանն է, եւ Frontex-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»,-ասել է Frontex-ի տնօրեն Ֆաբրիս Լեջերին:
