«Ամոթ է, մի բարձրաձայնեք այդ մասին, զինվորը երբեք սոված չի եղել». Գեղամ Նազարյան (տեսանյութ)
Պատերազմից առաջ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը պետք է լսեր ԳՇ պետին, մյուս զինվորականներին՝ հասկանալու համար, թե իրականում ուժերի հարաբերակցությունն ինչպիսին է եւ փորձեր քաղաքական ղեկավարությանը հուշել, թե ինչ պետք է անել, որ այս վիճակից դուրս գալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Օրինակ՝ պետք է 2020 թվականի մայիսից տագնապ բարձրացներ, իհարկե ոչ հանրության համար, այլ ներքին շրջանառության համար, հասկանալու համար, թե «Բայրաքթարների» դեմ մենք ինչ պետք է անենք։ Հուլիսյան մարտերից հետո մենք պետք է հասկանայինք, թե մեզ ինչ է սպասվում, ոչ թե քաղաքական շոուների համար մեդալաբաժանությամբ զբաղվեինք։ Պատերազմի 4-րդ օրը գուցե ավելի ուշադիր լսեինք՝ ինչ են ասում զինվորականները եւ Բաքուն ու Գետաշենը գրավելու մասին այդ առասպելները տարածելու ֆոնին փորձեինք հասկանալ, թե ինչ պետք է անել պատերազմը օր առաջ դադարեցնելու համար։ Պետք էր ճշտել քաղաքական ղեկավարից, թե ինչու չի դադարեցնում պատերազմը»,- ասաց Նազարյանը։
Նա հորդորեց դադարեցնել բանակին ուղղված բոլոր մեղադրանքները. «Բանակը երբեք իդեալական չի եղել, բայց մեր բանակն է։ Մեր բանակը հաղթել է առաջին արցախյան պատերազմը, այդ բանակը մինչեւ 2016 թվականն այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին չմտածի, 2016-ին այնպիսի հակահարված է տվել, որ հրադադար են աղերսել մեզնից։ Այդ բանակը, մեր տղերքը իրենց հրամանատարների հետ 44 օր պատերազմել են աշխարհի հզորագույն երկրների բանակների եւ ԶՈՒ-երի դեմ։ Մեր տղերքը թշնամուն 18-20 հազար զոհ են պատճառել, այդ բանակն է, որին պետք է հարգանքով վերաբերվել։ Մենք ձեզ մեղադրում ենք՝ մեր երկիր պատերազմ բերելու մեջ։ Մենք չենք ասում՝ ինչու չհաղթեցիք պատերազմը, ինչու մենք չկանխեցինք պատերազմը»։
Անդրադառնալով բանակում սննդի եւ հագուստի հետ կապված հայտարարություններին՝ Նազարյանն ասաց. «Ամոթ է, մի բարձրաձայնեք այդ մասին, զինվորը երբեք սոված չի եղել։ Դասեր մի տվեք, երբ դուք ընդամենը դպրոցական երեխա էիք, հիմա գալիս եք եւ այսպես խիստ հայացքով… չի կարելի, դուք պետք է մի ճանապարհ անցնեք, հասկանաք՝ ինչ են արել նախկինում բանակը կերտելուց»։
