Ինչպե՞ս կարող էինք մենք Արցախը տալ, դեռևս այն չազատագրելով. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Չեմ զարմանա, եթե մի գեղեցիկ օր էլ ասեն, թե Տիգրան Մեծն էր մեղավոր, որովհետեւ սխալ կնոջ հետ ամուսնացավ, եւ Էռատո անունով ծոռնուհին շատ անհաջող տիպ ստացվեց եւ դրանից եղան մեր բոլոր ձախողումները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանի այն հայտարարությանը, թե Արցախը կորցրինք 1992–ին՝ Արթուր Մկրտչյանի սպանությամբ։
Ըստ Խաչատրյանի, պետք չէ Արթուր Մկրտչյանի մահվան փաստը շահարկել. «Արթուր Մկրտչյանը զոհվեց ապրիլի 14–ին, մայիսի 8–ին ազատագրվեց Շուշին, ազատագրվեցին մեր մյուս պատմական տարածքները։ Ինչպե՞ս կարող էին մենք Արցախը տալ, դեռեւս այն չազատագրելով... Իրականում մեր կորուստներն Արցախում սկսվեցին 2018–ի երկրորդ կեսից, երբ իշխանություններն սկսեցին վարել անհեռատես քաղաքականություն։ Օրինակ, ԳՇ պետի հորդորներին չհետեւելը, դիվանագիտական ձախողումները, բոլոր դաշնակիցներից կտրվելը։ Դա բերեց այն բանի, որ Ադրբեջանի ձեռքերն ազատվեցին, ու նա ագրեսիա ծավալեց Հայաստանի եւ Արցախի դեմ», –պնդեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ հերիք չէ այս իշխանությունները Արցախի 75 տոկոսը տվեցին թուրքին, հիմա էլ փորձում են խեղդել կորցրածը հետ բերելու հույսը։
Խոսելով ընդդիմության՝ Շուշին եւ Հադրութը հետ բերելու խոստումների մասին, Խաչատրյանն ասաց. «Արցախի կարգավիճակը դեռեւս հստակեցված չէ։ Պետք է հմուտ բանակցել, դաշնակիցներ ձեռք բերել եւ կարողանալ այդ հարցը վերադարձնել բանակցությունների սեղան, ինչը խոսք էր տալիս Փաշինյանը դեռեւս 2018–ի նոյեմբերի 18–ին, բայց դա ձախողեց»։
Այն հայտարարություններին, թե Արցախը 30 տարի առաջ են հանձնել, ի պատասխան պատգամավորը նշեց. «30 տարի առաջ Արցախը տվեցին՝ իմանալով, որ Փաշինյանը 2018–ին գալու է, ում վրա կարող են այդ պարտությունը դուրս գրե՞ն։ Սա աբսուրդի ժանրից է»։
