Թուրքիան Իրանի հետ սահմանին լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկում աֆղանցի փախստականների հոսքը կանխելու համար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է վերջին օրերին Իրանի կողմից աֆղանստանցի փախստականների Թուրքիայի սահմանը ապօրինի կերպով հատելու դեպքերի հաճախակիացմանը: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրք նախարարը խոսել է նաև վերջին օրերին համացանցում տարածվող տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են աֆղանցի փախստականները խմբերով անցնում Թուրքիայի սահմանը: Աքարը նշել է, որ այդ տեսանյութերի մի մասը կեղծ են և նկարահանված չեն թուրք-իրանական սահմանին:
Աքարը խոսել է նաև Թուրքիայի կողմից Քաբուլի օդանավակայանի պահպանությունը ստանձնելու մասին՝ ասելով, որ այդ խնդիրը կլուծվի առաջիկա օրերին: Նա ավելացրել է նաև, որ իրենք որևէ դեպքում չեն պատրաստվում թուրք զինվորներին վտանգի ենթարկել:
Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո պաշտպանել և շարունակել աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:
ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:
