Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ. ՄԻՊ
Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ գրառմանը կից տեղադրելով նախորդ շաբաթ ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի ղեկավարի հետ Սյունիք կատարած այցն ամփոփոխ տեսանյութ։
Թաթոյանը, մասնավորապես, գրել է.
«Շատ բնակիչներ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված:
Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էին իրականացրել Սյունիքի մարզ:
Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են, եւ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ»։
