Աղքատության ծայրահեղ աստիճան է. ընտանեկան ծախսերի 65 տոկոսը սնունդն է կազմում. Արմեն Պողոսյան
Սպառողական ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ ընտանեկան ծախսերի մեջ սնունդը կազմում է մոտ 65 տոկոս, ինչը սարսափելի ցուցանիշ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։
Եվրոպայում անթույլատրելի է, երբ այդ ցուցանիշը 30 տոկոսից ավել է լինում.
«Նշանակում է՝ եթե մարդն իր եկամուտների 30 տոկոսը ծախսում է սննդի վրա, ուրեմն դա աղքատության ծայրահեղ աստիճան է, իսկ մեզ մոտ այդ ցուցանիշը մոտ 60-65 տոկոս է։ Ընտանեկան ծախսերի այդ նույն ցուցակում գոյություն ունեն դեցիլային խմբեր, որի 90 տոկոսի մոտ մշակութային ծախսերը կազմում են 0 տոկոս։ Մինչդեռ մարդը չի ծնվել կոշիկ կամ բանջարեղեն սպառելու համար, մարդը ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար։ Ինչպե՞ս մարդը պետք է մեծանա այն ընտանիքում, որտեղ մշակութային ծախսերը 0 տոկոս են կազմում»,-ասաց Արմեն Պողոսյանը։
Վերջինս նկատեց՝ Հայաստանի սոցիալական բյուջեն կրկնակի մեծ է, քան բանակի բյուջեն, սակայն ըստ Արմեն Պողոսյանի՝ այդ միջոցները ճշգրիտ չեն ծախսվում։ Արմեն Պողոսյանը չի գտնում, որ թոշակի, նպաստի և մնացած օգնությունների տրամադրումը մեթոդապես և գործնականում ճիշտ է կատարվում։ Այդ ծրագրերը պետք է հասցեական լինեն, իսկ հասցեականությունը մարդկանց կարիքավորության աստիճանը ճշգրիտ որոշելն է։
Արմեն Պողոսյանը կարծում է, որ այդ օգնության ծավալը պետք է կրճատվի և փոխարենը հանրային ծառայությունների վճարների մասով կրճատում իրականացվի։
Առավել մանրամասն՝ կզբնաղբյուր կայքում
