Վանաձորում դամբարաններ են հայտնաբերվել
Վանաձորի Խնձորուտ թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են դամբարաններ, որոնցից մեկի բացվածքից դուրս է բերվել խեցեղեն` 5 կճուճ և սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանում ենք, որ ըստ հնագիտական աշխատանքների համակարգող, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մելինե Սիմոնյանի՝ գտածոներն ուշ բրոնզեդարի վերջի կամ վաղ երկաթեդարյան մշակույթի նմուշներ են, որոնք դեռ համապատասխան մշակում պետք է անցնեն:
Հնակենդանաբանական ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ խոշոր եղջերավորի ոսկորները ցուլի ոսկորներ են՝ 1 ազդոսկր և ծնոտի 2 բեկոր: Գտնվել են նաև մարդու ոսկորի ամբողջական բեկորներ:
Գտածոները տեղափոխվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիա` ուսումնասիրության, նորոգման, վերականգնման, ինչից հետո դրանք կհանձնվեն Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանին:
Վերոնշյալ շինարարական աշխատանքներն այսուհետ կիրականացվեն ԿԳՄՍ նախարարության մասնագետների հսկողության ներքո, իսկ հայտնաբերված դամբարաններում անհրաժեշտության դեպքում կիրականացվեն ամբողջական պեղումների աշխատանքներ:
