«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ներն այլև չեն գործի. կկրճատվի 280 հաստիք
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց դադարեցնել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը:
«Սա շատ կարևոր սկիզբ է քրեակատարողական համակարգի հետագա բարելավման համար։ Ունենք 12 ՔԿՀ ու, եթե այս նախագիծն արժանանա հավանության, ապա մենք կունենանք 10 ՔԿՀ, որոնց վրա կենտրոնանալով ու պայմանները լավացնելով, կկարողանանք էլ ավելի օպտիմալացնել համակարգը՝ լուծելով մարդու իրավունքների խնդիրները», - ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս որոշմամբ 2022-ին 1 միլիրադ 200 միլիոն դրամի խնայողություն կարվի:
Անդրեասյանը նաև անդրադարձավ փակվող ՔԿՀ-ի աշխատակիցների ճակատագրին՝ նշելով, որ կրճատվելու է 280 հաստիք, ինչն, ըստ նախարարի, կարող է որոշակի դժգոհության առիթ հանդիսանալ։
Անդրեասյաի խոսքով, վերոնշյալ 280 աշխատակցից 70-ը կտեղափոխվի այլ ՔԿՀ, 50-ը՝ Պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածն էլ կադրերի ռեզերվում կմնա։
