Բարձր գնով կարտոֆիլ գնելու ՌԴ-ի մղումը ազդում է, որպեսզի տեղացի գյուղացին բարձրացնի կարտոֆիլի գինը հայկական շուկայի համար․ նախարար
Մեզ շատ է անհանգստացնում գնաճը. աննախադեպ գնաճ կա բոլոր երկրներում, ինչը համաշխարհային երևույթ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի դիտարկմամբ, գնաճի ֆունդամենտալ պատճառը հետևյալն է՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ժամանակ «հանգցվեցին» գործարանները, հիմա, երբ պահանջարկը վերականգնվել է, պարզվեց, որ լոգիստիկ շղթաները նույն արագությամբ չեն կարողանում վերականգնվել, և աշխարհում բազմաթիվ ապրանքների գծով պահանջարկի և առաջարկի միջև խորը խզում կա։
«Հայաստանը հաղորդակից անոթներով ողջ աշխարհի հետ միացած է։ Եթե ՌԴ-ում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա ճնշում է առաջացնում նաև ՀՀ-ում համապատասխան ապրանքների վրա։ Անցած տարի ՀՀ-ից ՌԴ արտահանվել է մի քանի 100 տ կարտոֆիլ, իսկ այս տարի՝ 40 հազար տ բարձր գնով։ Բարձր գնով կարտոֆիլ գնելու ՌԴ-ի մղումը կամ մտադրությունը ազդում է նրա վրա, որ տեղացի գյուղացին բարձրացնում է կարտոֆիլի գինը հայկական շուկայի համար, քանի որ իրենք ընտրություն ունեն՝ դրսում բարձր գնով վաճառել։ Մենք չենք սահմանափակում նրանց այդ ընտրությունը։ Եթե մեր գյուղացիներն ունեն հնարավորություն բարձր գնով կարտոֆիլ վաճառելու, մենք այդ հնարավորությունից չենք զրկում նրանց։ Իհրակե, դա ազդում է գնաճի վրա, ինչը մեզ շատ է անհանգստացնում»,- ասաց Քերոբյանը։
