Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության․ Արման Թաթոյանը՝ Արմեն Գրիգորյանի մասին
Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները, ընդհանրապես ո՞վ է նրան իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից։
Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական են։
Թաթոյանը, մասնավորապես, ասաց․
«Քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ես պաշտոնապես դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում»։
