«Հայաստան» խմբակցության պատգամավորները պատրաստ են անձնական երաշխավորությամբ հանդես գալ Առուշ Առուշանյանի համար. պաշտպան
Նախորդ դատական նիստի ժամանակ քննարկվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման իրավաչափության հարցը. մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի այդ սահմանափակումները ամբողջությամբ կամ գոնե մասնակի վերացվեն: Այս մասին այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում նշեց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Վերջինս, մասնավորապես, նշեց.
«Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, իսկ դատախազը՝ ոչ: Այսօր առավոտյան դատախազն իր դիրքորոշումը հայտնել է և դատավորը դրա վերաբերյալ պետք է որոշում կայացնի: Դրանից հետո արդեն մտնելու ենք բուն դատաքննության փուլ: Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը ընթերցելուց հետո որոշելու ենք ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը: Որոշակի ապացույցներ հետազոտելուց հետո պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն խափանման միջոց ընտրված կալանավորումը ավելի մեղմ տեսակի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Խոսքը թե գրավի, թե անձնական երաշխավորության մասին է: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն են այսօր եկել Գորիս, և իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավորության խափանման միջոցի շրջանակներում իրենց անձնական երաշխավորությունը սահմանել Առուշ Առուշանյանի պատշաճ վարքագծի համար: Շատ դրական ենք տրամադրված: Պարոն Առուշանյանի համար նոյեմբերի 5-ը հաղթանակած օր է: Հույս ունենք, որ դատարանը կգտնվի իր բարձունքում և խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակներում կդրսևորի բացարձակ օբյեկտիվություն և կիրականացնի արդարադատություն»։
