Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, նախագահությամբ Սևակ Համբարձումյանի, բեկանել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավով ազատ արձակելու որոշումը և կալանավորման որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
«Դատարանի ամենախայտառակ որոշումն է։ Ինչպե՞ս կարելի է կալանավորել հինգ անչափահաս երեխա ունեցող, երկրորդ կարգի հաշմանդամ մարդուն, որն ընդամենը դատարան մտնելուց առաջ փորձում էր կարգավորել Գորիս-Կապան ճանապարհի հարակից գյուղերի բնակիչների հարցերը։ Այսպիսի պարագայում առհասարակ պետք է փակել գրավի ինստիտուտը Հայաստանում կամ էլ գրավը կիրառվում է միայն հանցագործ, քրեաօլիգարխիկ խավերի նկատմամբ»,- նշեց նա։
Պաշտպանի խոսքով՝ Հովսեփյանի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի։
«Հնարավոր է՝ մաքսակետերի տեղակայման համար են կալանավորել կամ փորձում են կապանցիներին վախեցնել քաղաքապետի ընտրություններին ընդառաջ»,- ընդգծեց Արմեն Մելքոնյանը։
