Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Սոչիի եռակողմ հայտարարությունը
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն` ԱԳ նախարարները քննարկել են Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներով ստորագրված եռակողմ հայտարարությունն ու ընդհանուր առմամբ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Քննարկվել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակին, համագործակցության «3+3» հավանական ձևաչափին վերաբերող հարցեր:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Աշխաբադում ընթացող տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։
