Եթե սա չէ քաղաքական հետապնդումը, ապա ո՞րն է․ Առուշ Առուշանյանի փաստաբան
Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը՝ գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա, մասնավորապես, նշեց․
«Այս դատական քննության ժամանակ ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Մինչ օրս հույս ունեմ և չեմ ցանկանում սխալվել, որ իրականում գործ ունենք պրոֆեսիոնալ դատարվորի։ հետ, բայց այս գործը ստանդարտից դուրս գործ է, հնարավոր է այս գործով լինեն ճնշումներ, հետևաբար, այս գործի շրջանակներում ինձ համար ամեն ինչ սպասելի է։ Մեզ համար դեռ արդիական է խափանման միջոցի փոփոխության հարցը, և այն բարձրաձայնելու ենք և հույս ունենք, որ Առուշ Առուշանյանը շատ շուտով կլինի ազատության մեջ։
Ալեքսանյանը նշեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչու են Սյունիքի համայնքապետերին մեկուսացրել, հայտնի է, որ մեր երկրում ամենաքննարկվող և ամենաարդիական հարցը Սյունիքի հարցն է։ «Սյունիքի բոլոր համայնքապետերը կարող են խոչընդոտ հանդիսանալ որոշակի հարցերի համար, որոնք այսօրվա գործադիր իշխանությունը լուծում է։ Հետևաբար, պարզ տրամաբանությունը հուշում է, թե ինչու են բոլոր համայնքապետերը արգելանքի տակ։ Այս հետապնդումները ինչպե՞ս որակենք։ Եթե սա չէ քաղաքական հետապնդումը, ապա ո՞րն է։ Մի հետապնդում, որտեղ չկա իրավական գործընթաց, չենք կարող որպես իրավական գնահատել, հետևաբար, Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,- նկատեց Ալեքսանյանը։
