Հապճեպ ընդունված այս օրենքն ունի մեկ նպատակ՝ թույլ չտալ քննադատել մեկ մարդու․ Աղվան Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի իր ելույթում հայտնեց, որ խմբակցությունը առաջարկ է ներկայացրել։՝ ուժը կորցրած ճանաչել Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածը։
Հուլիսի 30-ին, երբ արդեն կայացել էին խորհրդարանական ընտրությունները, 2 օր հետո պետք է նոր ԱԺ-ն ստանձներ իր լիազորոթյունները, 7-րդ գումարման ԱԺ-ն, ենթադրում եմ, շատ հապճեպ, ընդունել է այս օրենքում կատարվելիք փոփոխությունները, որոնցով քրեականացվելու է վիրավորանքը, ծանր վիրավորանքը և զրպարտությունը։
«Մեր խորին համոզմամբ` այս փոփոխությունները լուրջ հակասություններ ունեն և՛ ՀՀ Սահմանադրության, և՛ Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ։ Ակնհայտ է, որ օրենսդրությունը չի հետապնդել Սահմանադրությամբ ամրագրված որևէ նպատակ, այլ ընդամենը փորձում է սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես` հանրային պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչների նկատմամբ»,- ասաց Վարդանյանը։
Նա նաև հավելեց․ «Այս հապճեպ ընդունված օրենքներով մենք տարիներով ետ ենք շպրտում մեր իրավական համակարգը։ Այս օրենքը ունի մեկ նպատակ՝ կալանավորման, քրգործեր հարուցելու սպառնալիքով թույլ չտալ քննադատել մեկ մարդու»։
