Այս իշխանությունները հստակ մարտավարություն ունեն՝ կալանավորել բոլորին անխտիր․ Արամ Վարդևանյան
Աշոտ Մինասյանի ձերբակալությունը ՀՀ արդարդադատության համակարգի փայլուն ռեֆորմներից մեկի դրսևորումն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգաավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Աշոտ Մինասյանի ձերբակալությանը։
«Մարդու հանդեպ 2020-ի նոյեմբերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, և այդ նույն միջնորդությունը 2021-ի նոյեմբերի ավարտին բավարարում է Վերաքննիչ դատարանի դատավորը, ով շատ կարճ ժամանակ առաջ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն էր։ Այսինքն, այլ մարդ չի կարող դա բավարարել։ Նույնիսկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը, ով շատ հաճախ իշխանահաճո դիրքերից է հանդես եկել, մերժել է այս միջնորդությունը, քանի որ հնարավոր չէ մեկ տարվա կտրվածքով ոչ մի նոր հանգամանք չունենանլու պայմաններում մարդուն կալանավորել։ Երբ մի տարի եղել է ազատության մեջ, ոչ մի բանի չի խոչընդոտել։ Մենք խոսում ենք լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի մասին, ով իր կյանքի ընթացքում միշտ թուրքին է խոչընդոտել։ Մենք նման մարդու մասին ենք խոսում, ում թուքերն են գաղտնալսել, սպանելու օպերացիաներ են մշակել։ Եվ հիմա նման մարդուն կալանավորում են հետևյալ մեղաքրանքով՝ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, ինչը, պարզվեց, փուչիկ էր։ Վճռաբեկ դատարանն էլ ասաց, որ այդտեղ նման մեղադրանք գոյություն չունի։ Այդ մեղադրանքը դուրս է եկել, մնացել է զենքի անհասկանալի մեղադրանք՝ մի խումբ անձանց կողմից։ Պարզ չէ, թե այդ խումբն ովքեր են, ինչ առնչություն ունի հայտնաբերված զենքը Աշոտ Մինասյանի հետ՝ զրո ապացույց, ովքեր են այդ խումբը՝ կրկին զրո ապացույց։ Ու այս պայմաններում մարդուն կալանավորում են։ Հասկանում եք, սա է մեր ունեցած իրականությունը, քանի որ այս իշխանությունները հստակ մարտավարություն ունեն՝ կալանավորել բոլորին, բոլորին անխտիր»,- ասաց Վարդևանյանը։
