Պարզվում է՝ ՀՀ-ում հաստիքային վկաներ ունենք. Ալեքսանդր Կոչուբաևը՝ «սյունյաց ողջույնների» քրգործի մասին
Պարզվեց, որ դատավարո Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության հարցն այնքան կարևոր է, որ անգամ օրենքով է պաշտպանվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց թաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով դատարանում ներկայացնում է քրգործով անցնող Նարեկ Մանթաշյանի շահերը։
Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության մասին բարձրաձայնելուց հետո Նարեկ Մանթաշյանի հանդեպ քրգործ հարուցվեց բժշկական գաղտնիք հրապարակելու փաստով։ Քրեական գործը առավել հայտնի է «քթի» գործ անունով։
«Դանիբեկյանը նիստի եկավ, և այսպես թե այնպես, տեսանք նրա դեմքի էվոլյուցիան, հարուցվեց քրգործ․ ինքնին ակնհայտ էր, որ դեմքի վրա որակական ու քանակական փոփոխություններ են եղել։ «Քթի» գործն այս պահին դատական քննության փուլում է։ Ակնհայտ է, որ մի բանի հրապարակումը, ինչը ակնհայտ էր լինելու հենց հաջորդ դատական նիստին, չէր կարող տեղավորվել բժշկական գաղտնիքի տրամաբանության մեջ։ Սա, ըստ էության, քաղաքական մոտիվ է հետապնդում։
Հաջորդը «10-ի գործն է կամ «սյունյաց ողջույնների» երևանյան մեկնաբանությունները», երբ Դատախազության դիմաց ընթացող ակցիայի մասնակիցները ենթարկվեցին քրեական հետապնդման իբր թե խուլիգանություն անելու համար։ Պարզվում է, որ ՀՀ-ում ունենք հաստիքային վկաներ, և այդ գործը բացառություն չէ․ մեկ վկան տեսել է, թե ինչպես է 3000 անձ ինչ-որ հավաքի խաղաղ տրամաբանությունից դուրս գալիս, վերածվում է խուլիգանության, և քրգործ է հարուցվում։ Սրա միակ պատճառը «սյունյաց ողջույնների» վերարտադրությունն է։ Մանթաշյանը բազմիցս ասել է, որ ինքը չի ողջունել, բայց այդ ողջույնների հետ համաձայն է։ Սա բավարար եղավ, որպեսզի մեղադրանք առաջադրվի խուլիգանության հանցափաստով։
Շուտով Մանթաշյանն արդեն այլ գործով էլ հրավիրվեց դատարան, իբր թե ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանին, որպես պետական գործչի, կարծես թե «անլվա» ասելու համար։ Հարուցվեց ծանր վիրավորանքի հանցափաստով քրգործ։
Եվ վերջին ազդակը, որից հասկացանք, որ մոտ է Նարեկ Մանթաշյանին ՔԿՀ ուղարկելը, վերջինիս վերաբերյալ դեռևս նախորդ տարվանից ԱԱԾ-ում ծվարած գործն է՝ նոյեմբերի 9-ի գիշերը Կառավարություն տեղի ունեցածի վերաբերյալ։ Երևանում սկսված զանգվածային հուզումների, որոնց պատճառը հողերի հանձնումն էր, իշխանությունը զանգվածային անկարգություն որակեց։ Մանթաշյանի գործով դատարանը սկզբում արձանագրեց, որ հիմնավոր կասկածը բացակայում է, բայց ԱԱծ-ն հարցին ստեղծագործաբար մոտեցավ և Կառավարության շենքում Մանթաշյանի կողմից ՀՀ դրոշ ծածանելը որակվեց որպես դրոշի կողոպուտ։ Եվ մենք ունեցանք ևս եկ մեղադրանք։
Այս ամենն այլ միջավայրում քննարկելիս կթվար՝ հումոր կամ ծաղր է, սակայն սա մեր իրականության մեջ է տեղ գտել»,- ասաց Կոչուբաևը։
