ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում հանդիպել են Սյունիքից գերեվարված զինծառայողներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են ս.թ. նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ ԶՈւ զինծառայողներին: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են նաև Ադրբեջանում պահվող ռազմագերիներին ու պատանդառված անձանց: ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացել են գերիների առողջական վիճակի մասին, ծանոթացել պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքների հետ:
Թե քանի գերիների են հանդիպել միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, ԿԽՄԿ–ն չի հայտնում։
Նշենք, որ նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած ռազմական գործողություներից հետո Ադրբեջանական աղբյուրները հայտարարում էին 13 գերեվարվածների մասին։ Նախապես նույն թիվը շրջանառվում էր նաև հայաստանյան հաղորդագրություններում։ Ավելի ուշ, սակայն, կողմերը սկսեցին խուսափել գերիների հստակ թիվ հայտնելուց։
Այժմ հայտնի է, որ դեկտեմբերի 4-ին ադրբջանական կողմը Հայաստանին էր փոխանցել 10 գերիների։ Եվս 1 վիրավոր հայկական կողմին էր փոխանցվել Սոչիում Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման նախօրեին` նոյեմբերի 25–ին։
