Քննիչը չկարողացավ հիմնավորել մեղադրանքը, Ասլանյանին կալանավորելը կնշանակի դեմ գնալ ժողովրդի իշխանությանը. պաշտպան (տեսանյութ)
Մեղադրանքն ակնհայտ ապօրինի է՝ բազմաթիվ հանգամանքներից ելնելով, որովհետեւ չկար մեղադրանքի գեթ մեկ տող, տառ, որ կհամապատասխաներ օրենքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով Ասլանյանին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության քննությանը:
«Քննիչը չկարողացավ հիմնավորել, որ մեղադրանքները հիմնավոր են եւ, առնվազն, հիմնավոր կասկածի շեմը հաղթահարում են, լավագույն քննիչն անգամ դա չէր կարող անել: Այն արարքները, որոնք մեղսագրվում են Մամիկոն Ասլանյանին, հանցագործություն համարվել ուղղակի չեն կարող՝ նա օրենքով սահմանված կարգով է գործել՝ իր լիազորությունների շրջանակում եւ օրենքի տառին համապատասխան: Այս հարցը բարձրացվել է նաեւ դատարանի առջեւ՝ ոչ միայն ասել ենք, որ հիմնավոր կասկածը բացակայում է, այլ անդրադարձել ենք նաեւ այն հարցին, թե ինչու հատկապես պետք է այսօր քննարկվեր այս հարցը՝ իմանալով, թե ընտրություններում որ փուլին են հասել, եւ որ էական նշանակություն ունի Մամիկոն Ասլանյանի մասնակցությունը համայնքապետի ընտրություններում»,- նշեց Սահակյանը:
Պաշտպանի գնահատմամբ՝ այս պահին կալանավորելու միջնորդություն ներկայացնելը կապ ունի Վանաձորում առաջիկայում սպասվող համայնքապետի ընտրությունների հետ:
«Ակնհայտ է, որ այս փուլում պետք է նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեր, որովհետեւ ակնհայտ միջամտություն է իրականացվում ընտրությունների ընթացքին: Մենք նաեւ դատարանի առջեւ հարց ենք բարձրացրել, որ ժողովրդի իշխանության հարց գոյություն ունի, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է նաեւ ՏԻՄ ընտրություններում պաշտոնատար անձանց ընտրելով, եւ որ պետությունում երաշխավորվում է ժողովրդի իշխանությունն ու ոչ ոք դրան միջամտելու իրավունք չունի: Հիմա ուղիղ միջամտություն է կատարվում, եւ հակասահմանադրական քայլեր են արվում, ժողովրդի իշխանության դեմ է ուղիղ գնում իշխանությունը այսպիսի քաղաքական հետապնդում իրականացնելով: Դատարանի հարց է բարձրացված նաեւ՝ արդյո՞ք հիմնավոր կասկածի հարց կտեսնի, թե չի տեսնի, արդյո՞ք կտեսնի՝ առկա են հիմքերը, թե ոչ, որովհետեւ հարց է բարձրացվել նաեւ, որ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու հիմք չկա: Խոչընդոտելու ռիսկն է որպես հիմք բերված, մինչդեռ երեք ամիս է անցել այս քրեական գործի սկզբից, եւ եթե խոչընդոտելու ռիսկեր տեսնեին, այս ընթացքում արդեն իսկ տեսած կլինեին եւ դատարանի առջեւ կբարձրաձայնվեին: Քննիչը, սակայն, որեւէ նյութ, ապացույց չի բերել այն մասին, որ Ասլանյանը խոչընդոտելու որեւէ գործողություն է կատարել կամ որ կարող է նման բան անել:
Դատարանի առջեւ դրված գլխավոր խնդիրը հետեւյալն է՝ այսօր կալանավորելով Մամիկոն Ասլանյանին՝ ինքը գնում է ժողովրդի իշխանության դեմ: Արդյո՞ք ժողովրդի իշխանության դեմ կգնա դատարանը, թե ոչ, եւ արդյո՞ կատարելու է իշխանության պատվերը, թե ոչ, մենք դեռ կտեսնենք: Համենայն դեպս, այս դատավորի գիտելիքներն ու սկզբունքայնությունը, կարծում են, բավարարում են, որպեսզի կարողանա օրինական դատական ակտ կայացնել, որը մեկն է միայն՝ կալանավորման միջնորդությունը պետք է մերժվի»,- նկատեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։
