Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափով համագործակցությունը
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն կիրակի օրը քննարկել են «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի իրականացման հարցերը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան): Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակներում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Կողմերը քննարկել են «3+3» համագործակցության ձևաչափի առաջին հանդիպման արդյունքները Մոսկվայում, որի նախաձեռնողը Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներն էին։ Հետաքրքրություն է հայտնվել համագործակցության այդ մեխանիզմի առաջխաղացման հարցում», - ասված է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ի տվյալներով, նախարարները նաեւ քննարկել են ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում, Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Ղարաբաղի եւ Անդրկովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ վեցակողմ ձեւաչափով համագործակցության նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էին եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ռուսաստանը եւ Իրանը ողջունել էին այդ գաղափարը, Վրաստանը հայտարարել էր, որ չի նախատեսում մասնակցել տարածաշրջանային այդ նախաձեռնությանը, բայց առաջարկում է Բաքվի եւ Երեւանի բանակցությունների իր ձեւաչափը խաղաղության պահպանման համար՝ «եռյակի» տեսքով։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի առաջին նիստը արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։
