ԱԱԾ հեղինակությունը ստվերող սպաների քայլերը չպետք է հանդուրժվեն՝ առաջին հերթին հենց կոլեգաների կողմից․ Վանեցյան
Վերջին շրջանում, ցավոք, մենք ականտեսն ենք դառնում որոշ աշխատակիցների՝ այդ թվում սպաների անընդունելի, սպայի պատիվն արատավորող, ողջ Ազգային անվտանգության ծառայության հեղինակությունն ստվերող գործողությունների։ Այս մասին ասված է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ աշխատակցի օրվա առթիվ տարածած շնորհավորական ուղերձում։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ սպաներ, պատվարժան վետերաններ, սիրելի ընկերներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր և նշանակալի մասնագիտական տոնի առթիվ։
Որպես ՀՀ Ազգային անվտանգության ծառայության երկարամյա սպա, այդ կառույցի պաշտոնաթող ղեկավար, որպես զինակից ընկեր ու եղբայր կցանկանայի հենց այս կարևոր առիթով ընդգծել, որ Հայաստանի անվտանգության մարմինները և դրանց աշխատակիցները, անկախ քաղաքական վայրիվերումներից, պետք է մշտապես հանդես գան մեկ միասնական ու կուռ ընտանիքի կարգավիճակով, շարունակելով այն փառավոր ավանդույթները, որ մենք մշտապես ունեցել ենք որպես մեր հայրենիքի անվտանգության զինվորներ:
Վերջին շրջանում, ցավոք, մենք ականտեսն ենք դառնում որոշ աշխատակիցների՝ այդ թվում սպաների անընդունելի, սպայի պատիվն արատավորող, ողջ Ազգային անվտանգության ծառայության հեղինակությունն ստվերող գործողությունների: Ազգային անվտանգության ծառայությունում նման վտանգավոր երևույթները պետք է բացառվեն, նման սպաների գործողությունները չեն կարող և չպետք է հանդուրժվեն՝ առաջին հերթին հենց համակարգի ներսում՝ կոլեգաների կողմից:
Անկախ օրվա իշխանությունների բնույթից, քաղաքական միջավայրից ու գործընթացներից՝ պետք է միշտ հիշել, որ մեր գիտելիքները և ունակությունները անհրաժեշտ է ի սպաս դնել բացառապես Հայաստանի ու Արցախի, մեր ժողովրդի ազգային ու պետական անվտանգության ապահովմանը, քանի որ մեզ ուսուցանել և դաստիարակել են հենց այդ ոգով՝ ծառայելու միայն և միայն Հայրենիքին։
Ի սրտե մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, անփորձանք ու անվտանգ ծառայություն, անձնական ու գործնական բազում հաջողություններ՝ հանուն մեր հայրենիքի և ազգի վերածննդի ու անվտանգության։
Պատիվ ունե՛մ»,- նշված է Վանեցյանի հայտարարությունում։
