Աշխատողներին գործատուն իրավունք չունի ասելու՝ կգնաս, քո գրպանից կմուծես ՊՇՌ հետազոտությունների համար. Արամ Վարդևանյան
Աշխատողները իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտությունների պարտականություն չունեն։ Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Սահմանադրական դատարանը Առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների և թեստավորումների մասին հրամանի սահմանադրականության հարցով հրապարակել է որոշումը։ ՍԴ-ն որոշել է հակասահմանադրական ճանաչել ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու առողջապահության նախարարի հրամանը։
Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ օրենքի վերաբերյալ վիճարկումը նպատակ ուներ բացառելու հնարավոր «խելագարության» կանխավարկածով մեկնաբանությունները։
«ԱՆ հրամանը ուներ մեկ ամենամեծ պրոբլեմ։ ՀՀ բոլոր աշխատողների վրա դնում էր պարտավորություն՝ իրենց սակավ միջոցների հաշվին կատարելու ՊՇՌ հետազոտությունների ծախսերը։ Այդ մասով ճանաչվեց սահմանադրականությանը հակասող և անվավեր։ Սա հենց մեր դիմումի անկյունաքարերից մեկն էր։ ՍԴ-ն իրականացրեց լիարժեք սահմանադրական արդարադատություն»։
Վարդևանյանը նշեց, որ խնդրի մասին սկզբանական շրջանում նախարարությանը ու կառավարությանը հորդորում էին նման որոշումը չիրագործել, զգուշացնում էին, որ դա հակասահմանադրական է։
«Աշխատողներին գործատուն իրավունք չունի ասելու՝ կգնաս, քո գրպանից գումար կհանես ու կմուծես ՊՇՌ հետազոտությունների համար»։
ՍԴ որոշումները կհրապարակվեն երեք օրյա ժամկետում։ Վարդևանյանը նշեց, որ պարտադրանքը նրանում էր, որ քաղաքացին կամ պետք է պատվաստվեր, կամ սեփական միջոցներով վճարեր հետազոտության համար։ Պատգամավորը նշեց՝ սոցիալ-տնտեսական նման պայմաններում, երբ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, երբեմն ՊՇՌ հետազոտությունների համար քաղաքացիները վճարում են 40 հազար դրամ։ Ըստ Վարդևանյանի, պատվաստվելը պետք է լինի քաղաքացու գիտակցված որոշումը։
Նշենք՝ ըստ նախարարության որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և, կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։
